Եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները
09/07/2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը և եվրոպացի գործընկերներին ընդհանուր գծերով ներկայացրել է Նախարարության՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները՝ ընդգծելով, որ մինչ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագծի մշակումը՝ դրա վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները քննարկվելու են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործիքակազմերին, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը և այլ հարցերի:
Նշենք, որ առաջիկա երկու օրերին ևս Արդարադատության նախարարության ղեկավար անձնակազմը կշարունակի աշխատել եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ՝ դատաիրավական բարեփոխումների ճանապարհային քարտեզը պատրաստելու ուղղությամբ: