Արդարադատության փոխնախարարն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլի գլխավորած պատվիրակությանը

09/07/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլին և Կոնգրեսի քարտուղարության միջազգային համագործակցության ծրագրերի վարչության պետ Դմիտրի Մարչենկովին:

Ողջունելով գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարարը բարձր է գնահատել «Հայաստանի համայնքների միության ինստիտուցոինալ կարողությունների ամրապնդման և Հայաստանում թափանցիկ ու մասնակցային տեղական ինքնակառավարման խթանման» ծրագրի շրջանակում ներդրված ջանքերը: Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ կատարված աշխատանքները, անդրադարձել է նախագծում ներդրված տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, ինչպես նաև հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մեխանիզմների զարգացման կառուցակարգերին՝ հիմնված կոռուպցիոն ռիսկերի գնահատման վրա:

Ժան-Ֆիլիպ Բուզուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ բարձր են գնահատում Հայաստանի վարած ընդգծված հակակոռուպցիոն քաղաքականությունը և հավելել, որ պատրաստակամ են այդ ճանապարհին շարունակել համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բաց կառավարման գործիքակազմերի ազգային մակարդակին առնչվող մի շարք այլ հարցերի:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: