Ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության արդյունքները
16/07/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի մասնակցությամբ այսօր ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության հիմնական արդյունքներն ու դրա հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը (http://moj.am/storage/uploads/0AM02.pdf ):
Հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորող «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի շրջանակում:
Քննարկմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, դատավորներ, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ, այլք:
Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող խնդիրները, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողների և առանցքային դերակատարների ակնկալիքներն ու դիրքորոշումները դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։
Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ սնանկության ոլորտի բարեփոխումները մշտապես գտնվում են Կառավարության առաջնահերթությունների օրակարգում, միևնույն ժամանակ նշելով, որ այն շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին զուգահեռ թարմացնել ոլորտի կարգավորումները, ինչը կբերի նաև գործարար միջավայրի բարելավմանը: Փոխնախարարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը հետազոտությունների իրականացման գործում՝ նշելով, որ դրա արդյունքներն առավել ամբողջական կարտացոլեն սնանկության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:
Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը նշել է, որ ՄԹ կառավարությունը մեծ պատրաստակամությամբ է ներգրավվել այս գործընթացում՝ հավատով, որ այն կնպաստի Հայաստանում ներդրումային և գործարար դաշտը առավել գրավիչ դարձնելուն:
Նշենք, որ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը մասնակցել էր ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի մշակմանը:
Հիմնադրամի տնօրենի ժ/պ Տիգրան Դադունցը ներկայացրել է ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները, այն նպատակները, որոնք դրված են ճանապարհային քարտեզի հիմքում և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարվեն ոլորտի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների իրականացման համար: Տիգրան Դադունցը նաև նշել է, որ ճանապարհային քարտեզի շրջանակում առանձնացված գործողությունները պետք է իրականացվեն Արդարադատության նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի և շահագրգիռ այլ մարմինների ու անձանց համատեղ ջանքերով:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված հետազոտության արդյունքները, որին հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև: