Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին
23/07/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:
ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ առաքելության համար մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:
Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը:
Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: