Գորիսում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

23/07/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք այլ ՀԿ-ների՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ ևս Երևանում և Գյումրիում նման ձևաչափով քննարկումներ է կազմակերպել, իսկ առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվում նաև Մարտունիում, Գավառում, Վանաձորում և Արմավիրում: 

Փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:

Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: