Գավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
25/07/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագիծը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և ««Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Գորիսում արդեն իսկ կազմակերպել է նման ձևաչափով քննարկումներ, իսկ առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվում նաև Մարտունիում, Վանաձորում և Արմավիրում:
Փոխնախարար Սրբուհի Գալյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Նախագծի հիմնական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթությանն առնչվող կարգավորումները, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել է այս գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառականության կարևորությանը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև: