Սնանկության ոլորտը կբարեփոխվի

06/08/2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն: Որպես այս շարունակական գործընթացի մաս` Միացյալ Թագավորության կառավարության Լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը: Վերջինի գործընկերներն են Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունները:

Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ  և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանը աջակցելու նպատակով: Մշակվել է նաև սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը: Վերջինով նախատեսվել է, որ սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը ապահովելու է սնանկության վարույթի հետ կապված գործընթացների  թվայնացումը՝ սկսած սնանկության վարույթի հարուցումից, մինչև սնանկության  գործի ավարտը: Հարթակի միջոցով իրականացվելու են սնանկության վարույթի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ծանուցումները, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրումը: Վարույթի մասնակիցները հնարավորություն են ունենալու հետևել վարույթի ընթացքին, դատարանն ունենալու է վարույթը էլեկտրոնային եղանակով կառավարելու հնարավորություն. սնանկության կառավարիչների ընտրության և  նշանակման գործընթացը նույնպես կիրականացվի հարթակի միջոցով: Այն հնարավորություն է տալու ստեղծել հատուկ միջավայր, պարտատերերի առցանց ժողովների իրականացման և քվեարկության անցկացման համար: Սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը կնպաստի վարույթի մասնակիցների իրավունքների  արագ և արդյունավետ իրացմանը, վարույթի ծախսատարության և տևողության նվազեցմանը, սնանկության կառավարիչների հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Էլեկտրոնային սնանկության համակարգը հանդիսանալու է էլեկտրոնային արդարադատության` e-justice, համակարգի մի մասը: