Քննարկում՝ հարկադիր կատարման ծառայության գործունեության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

09/08/2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ քննարկում:

Փոխնախարարի խոսքով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ և դրա արդյունքում առկա էր իրավիճակ, որ Օրենքը պարունակում էր մի շարք թերություններ և հակասություններ, չէր համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային:

«Բացի այդ, հարկադիր կատարման ոլորտում որոշ խնդիրների առկայությունը բացասաբար էր անդրադառնում նաև Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի վրա»,- նշել է Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ դա հաշվի առնելով և նպատակ ունենալով բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը՝ նախատեսվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն ուղղված միջոցառում, որի շրջանակում Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվեց, իսկ հետագայում լայն քննարկումների ձևաչափով համաձայնեցվելուց հետո Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող այս օրենքը:

Փոխնախարարի գնահատմամ, սա կարևոր փաստաթուղթ է, քանի որ ուղղված է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, կատարողական վարույթում ներգրավված անձանց իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ընթացքում հանդիպող բազմաթիվ գործնական խնդիրների լուծմանը և այլն: Հույս ունենք, որ սահմանված կարգավորումները իրենց արդյունավետությունը ցույց կտան օրենքի կիրառման ընթացքում:

Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծել է, որ Նախարարությունը կարևորում է նման ձևաչափով քննարկման իրականացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի բանկերի միությանը՝ քննարկումը կազմակերպելու իր կարևոր աջակցության համար:

Այնուհետև, հաջորդել է շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակցիների միջև:

Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ՝ Կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, բանկային համակարգից,  ինչպես նաև փաստաբաններ, դասախոսներ, ԱԺ պատգամավորներ, Վճռաբեկ, Վերաքննիչ, Առաջին ատյանի դատարանների  դատավորներ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ, այլք: