Արդարադատության փոխնախարարն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի ՔԴՄ խմբակցության պատգամավորներին
13/08/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեա-Դեմոկրատական միություն խմբակցության պատգամավորներին՝ պատվիրակության ղեկավար Մարկուս Կուրցեի գլխավորությամբ:
Փոխնախարարը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ նրանց կատարած այցը համընկել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների փուլին:
Հայաստանի Հանրապետությունում ԳԴՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ընդգծելով, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հատուկ հարաբերությունների ունի Հայաստանի Հանրապետության հետ, հանդիսանում է Հայաստանի գործընկեր երկրամասը Դաշնության շրջանակում՝ կապված լինելով տնտեսական, մշակութային, գիտական և այլ կապերով:
Պատվիրակության ղեկավար Մարկուս Կուրցեն իր հերթին շնորհակալություն է հայտնել և հետաքրքրվել Հայաստանի արդարադատության ոլորտում կատարվող ընթացիկ բարեփոխումներից:
Փոխնախարար Գրիգորյանը, ներկայացնելով ընթացող բարեփոխումների գործընթացը, կարևորել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործընթացները:
Պատվիրակության անդամների հարցադրումներին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների նպատակներն ու գործիքակազմերը՝ անդրադառնալով դատարանների բեռնաթափմանը, դատավորների և իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների բարեվարքության և գույքային դրության ստուգմանը, շարունակական կրթության անհրաժեշտությանը և սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շրջանակում փոխնախարարն ընդգծել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, կոռուպցիոն գործերով նախաքննություն իրականացնող մարմնի, ինչպես նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ձևավորման գործընթացները:
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը նշել է նաև պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման շարունակականությունը, ինչպես նաև անդրադարձել էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:
Փոխնախարար Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ Արդարադատության նախարարության սերտ և հուսալի համագործակցության պատմությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև քրեակատարողական ոլորտին, անչափահասների արդարադատությանը, նոտարական համակարգին և մի շարք այլ հարցերի:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շնորհակալություն են հայտնել փոխադարձ հետաքրքրվածության և սերտ համագործակցության համար: