Աննա Վարդապետյանն ընդունել է Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի պատվիրակությանը

08/10/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Արդարադատության ակադեմիայի հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի պատվիրակությանը՝ փոխտնօրեն Լուիզա Նապոլիտանոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Փոխնախարարը, ողջունելով իտալացի գործընկերներին, հույս է հայտնել, որ առաջին հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա սերտ համագործակցության համար:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստ է իր նպաստը բերել ոչ միայն Հայաստան-Իտալիա փոխգործակցության շրջանակներում այլ նաև առավել լայն՝ Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ փոխնախարար Վարդապետյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ներկայացրել է Արդարադատության ակադեմիայի ուսուցման ծրագրերում առաջարկվող փոփոխությունները՝ բարեվարքության, ֆինանսական հանցագործությունների քննության, ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձի և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, որոնք նախանշվել են Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ:

Լուիզա Նապոլիտանոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կիսվել Արդարադատության ակադեմիայից ստացած իր տպավորություններով: Նապոլիտանոն ներկայացրել է նաև 2006-2007 թթ. Իտալիայի դատաիրավական բարեփոխումների արդյունքում ձևավորված Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները՝ նշելով որ Իտալիայում ևս մտադրված են նվազեցնել դատավորների ընտրության տարիքային գործող շեմը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային արդարադատության իտալական հաջողված փորձին և համագործակցության շրջանակներում առաջարկել է ներառել նաև փորձի փոխանակման այդ ուղղությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա սերտ համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել: