Ղազախստանի Հակակոռուպցիոն գործակալության նախագահի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները
10/10/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը 2019 թվականի հոկտեմբերի 1-4-ը այցելել է Ղազախստանի Հանրապետություն և մասնակցել Վիեննայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի 8-րդ ամենամյա վեհաժողովին: Վեհաժողովի ընթացքում Ակադեմիայի և անդամ պետությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են կոռուպցիայի մասին հաղորդման մեխանիզմների իրականացման լավագույն փորձը և միջազգային պրակտիկայում ազդարարներին տրվող պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետությունը, ինչպես նաև Ակադեմիայի զարգացման հեռանկարները, այդ թվում՝ դրա ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հարցերը: Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Ակադեմիայի դերի և կարևորության վերաբերյալ քննարկումներ են եղել Ակադեմիայի ժամանակավոր տնօրեն Քրիստիան Պոն-Հուֆնագլի, Ղազախստանի Պետական քարտուղար Կրիմբեկ Կուշերբաևի հետ: «Ազդարարների պաշտպանություն. ազգային օրենսդրության և քաղաքականության իմպլեմենտացիա» թեմայով քննարկում է եղել Ակադեմիայի կառավարիչների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոնովի, Կորեայի Հանրապետության հակակոռուպցիոն և քաղաքացիական իրավունքների հանձնաժողովի նախագահ Պակ Ուն Յոնգի, Կատարի Պետության Վարչական վերահսկողության և թափանցիկության մարմնի միջազգային համագործակցության վարչության պետ Հուսեյն Հասանի, Արևմտյան Ղազախստանի Հակակոռուպցիոն ծառայության վարչության պետի տեղակալ Նուրդուլեթ Սամեթի և Ակադեմիայի դասախոս, ազդարարման, տեղեկատվական իրավունքների անկախ մասնագետ Այշլի Սավեյջի հետ:
Այցի շրջանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը առանձին հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն գործակալության նախագահ Ալիկ Շպիկբաևի հետ, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները, այդ ուղղությամբ ձեռնարկած և ապագայում նախատեսվելիք քայլերը, ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման հնարավորությունները, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված հիմնական արդունավետ գործողությունների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության երկկողմ համագործակցության հեռանկարները: