Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
16/10/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:
Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին:
Ռուստամ Բադասյանը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Նույն օրը Հայաստանի արդարադատության նախարարը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոյի հետ և քննարկել հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։