Փոխնախարար Սրբուհի Գալյանը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է «Կրթություն բոլորի համար» միջոցառմանը

29/10/2019

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, հիմնարկի ղեկավար անձնակազմի օժանդակությամբ իրականացվել է «Կրթություն բոլորի համար» միջոցառումը՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան: Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր «Լռության միավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին ազատազրկման դատապարտված անձանց ձեռքի աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, դասավանդող ուսուցիչներ, ոլորտով հետաքրքրվող բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնց աշխատանքները ներկայացված էին ցուցահանդեսում:

Ողջունելով ներկաներին և ազատազրկվածների շրջանում կրթական համակարգի զարգացմանն ուղղված նման միջոցառումները՝ Սրբուհի Գալյանը կարևորել է դատապարտյալների վերասոցիալականացումն ու հետագայում հասարակության մեջ վերաինտեգրումն ապահովող համապատասխան ծրագրերի իրականացումը:

Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման նախաձեռնության և կազմակերպման համար, նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթական ծրագրերում ներգրավելու, համապատասխան կրթական մակարդակի բարձրացման և գիտելիքների ապահովման գործընթացների արդյունքում աստիճանաբար կապահովվի վերասոցիալականացման արդյունավետ կայացումը՝ նպաստելով նրանց՝ արագ և անխոչընդոտ ինտեգրմանը հասարակությանը, հնարավորինս նվազեցնելով նաև հանցավոր երևույթներն ու քրեական վարքագիծը»:

Նույն օրը տեղի է ունեցել նաև ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի «Կամքը հայի» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է հայոց ազատամարտիկներին և ապրիլյան հերոսամարտում զոհված քաջորդիներին:

Ներկաներին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանը, պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանը: