Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ մասնակցել է «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստվող սննդի համտեսին
01/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:
Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գևորգյանը, այլք:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ծրագիրը, միանաշանակ, պետք է շարունակվի, քանի որ արդյունքներն առ այսօր լավն են. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100%- է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:
Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն: