ՄԻՊ ռազմավարության նախագիծը քննարկել է նաև մարզերում

05/11/2019

Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացրել նաև ՀՀ մարզերում:

Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Գավառում և նոյեմբերի 2-ին՝ Վանաձորում կազմակերպվել են հանրային քննարկումներ, որին մասնակցել են հասարակական կազմակերպության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Հանդիպումների ընթացքում Նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության ներկայացուցիչները ներկայացրել են ռազմավարակական փաստաթղթերի բովանդակությունը, առանձնացրել հիմնական գերակայությունները և դրանց հասցեագրման մոտեցումները, անդրադարձել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված մշտադիտարկման մեխանիզմին: Այդ համատեքստում նախարարության ներկայացուցիչները կարևորել են ռազմավարական փաստաթղթերի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվող Համակարգող խորհրդի գործունեությունը՝ շեշտելով Խորհրդում հասարակական կազմակերպությունների մասնակցության կարևորությունը:

Հաջորդիվ, քննարկման մասնակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթերի նախագծով նախատեսված մի շարք կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերին:

Ամփոփելով հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման ընթացքում հնչեցված առաջարկությունները գրավոր ձևով մինչև նոյեմբերի առաջին շաբաթը ներկայացնել Նախարարություն՝ հնարավորության դեպքում դրանք Նախագծերում ներառելու նպատակով: