Արդարադատության փոխնախարար «Մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումն ու աշխատանքով ապահումը»

15/11/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին: Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները:

Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել  ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են: Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծումներն ամփոփված են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծում: «Այսօր մենք հնարավորություն ունենք լուծելու տարիներ շարունակ արմատացած, քարացած խնդիրները, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում. կառուցելու ենք նոր ՔԿՀ-ներ, ապահովելու ենք պատժի կրման արժանապատիվ  պայմաններ, իրականացնելու ենք վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, բարձրացնելու ենք դատապարտված և կալանավորված անձանց տրամադրվող  բժշկական սպասարկման որակը: Այսինքն, մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումը, այնուհետև՝ աշխատանքով ապահումը»,- ասել է նախարարի տեղակալն ու կոչ արել գործընկեր հասարակական կազմակերպություններին  հանդես գալ համապատասխան առաջարկներով ու ծրագրերով:

Համաժողովի շրջանակում Նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ու ներկայացրել ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ծրագրի շրջանակում իրականացվող մեդիամրցույթի ընթացքում Արդարադատության նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության «Forrights.am» կայքի թղթակից Ռաֆիկ Ենգիբարյանը՝ բաց ռեժիմում պահվող դատապարտյալների կյանքին ու խնդիրներին անդրադառնալու համար: