Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին
18/11/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին:
Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Նախարար Բադասյանը շնորհավորել է Գևորգ Սիմոնյանին և Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ տեղյակ է Ծառայության խնդիրներից ու ղեկավար նոր կազմից պահանջը՝ բովանդակային փոփոխություններն են: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծով նախանշված զարգացման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում Կառավարությանը ներկայացվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որտեղ այլընտրանքային խափանման միջոցների համակարգում նոր մեխանիզմներ են ներդրվում և Պրոբացիայի ծառայության մասով գործառույթներ են ավելանում, ինչը ենթադրում է Ծառայությունում նոր ու բանիմաց կադրերի ներգրավում:
Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ շատ անելիքներ կան ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման ուղղությամբ: «Վստահ եմ, որ նվիրված աշխատանքի արդյունքում կլուծենք մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Գևորգ Սիմոնյանը: