Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարները փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

25/11/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչուսի գլխավորած պատվիրակությանը:

          Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստան կատարած այցի համար և նշել, որ Հայաստանը ներկայում գտնվում է այնպիսի լայնածավալ բարեփոխումների փուլում, որը Եվրոպական միության կողմից որակվել է՝ հավակնոտ:

Լիտվայի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր երկրի անունից Հայաստանի ընդգրկուն բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես, անդրադառնալով հակակոռուպցիոն նոր մարմինների ստեղծմանը, դրանց գործառույթներին, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխմանը, դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտի ներդրմանը, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձմանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը և այլն: Կողմերը քննարկել են նաև մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: