Արդարադատության փոխնախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

27/11/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 15-ամյակին նվիրված բարձրաստիճան գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակությանը:

Փոխնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում՝ այն որակելով հուսալի և արդյունավետ:

Գրասենյակի տնօրեն Գիսլադոտիրը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցության պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություներով:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում. հաստատվել են ռազմավարություններ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը մշակման վերջնական փուլում է: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նշված երեք ոլորտներում իրականացվող և իրականացվելիք հիմնական միջոցառումները՝ ուղղված սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, դատավորների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների բարեվարքության ստուգմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանը, հակակոռուպցիոն կրթությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն: Բարեփոխումներին միտված բոլոր կարևոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման հարցում շեշտվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: