Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում
28/11/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում:
Քննարկմանը մասնակցել են դատավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ:
Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը մասնակիցներին ներկայացրել է օրակարգային հարցերը, այնուհետև քննարկել պատժի համակարգին, անվտանգության միջոցներին, հանցագործության փուլերին ու հանցակցությանը վերաբերող դրույթները:
Աշխատանքային քննարկման երկրորդ օրը անդրադարձ կկատարվի հափշտակության հասկացությանը, պատժից ազատելու որոշ տեսակներին առնչվող հարցերին:
«Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել եվրոպական չափանիշների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: