Հանդիպում՝ Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ

29/11/2019

2019 թվականի նոյեմբերի 28-ին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի մի խումբ բնակիչներին և նրանց փաստաբաններին, որոնք ներգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:

Տիգրան Դադունցը նշել է, որ նման երկխոսությունը կարևոր է՝ օտարման գործընթացներում առկա իրավիճակը համակողմանի պատկերացնելու և դրանից բխող խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ գտնելու տեսանկյունից, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով:

Հանդիպմանը մասնակից քաղաքացիները ներկայացրել են այն խնդիրները, որոնց, սկսած 2008 թվականից, բախվել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում: Բնակիչների շահերը ներկայացնող փաստաբանները խոսել են այն իրավական ուղիների մասին, որոնք, ըստ իրենց, կարող են հանգեցնել օտարման գործընթացներում քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը: Քննարկվել են նաև օտարման գործընթացներին վերաբերող՝ գործող օրենսդրական կարգավորումները և դրանց կիրառման արդյունքում առաջացրած խնդիրները:

Տիգրան Դադունցը կարևորել է օտարման գործընթացներում փաստական և իրավական ամբողջական պատկերի կառուցումը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախանշված նպատակներից է նաև պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների գործընթացում խախտումների բացահայտումը՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջոցով: Միևնույն ժամանակ, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշվել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված դիրքորոշումները հաշվի կառնվեն համապատասխան փաստական և իրավական վերլուծություններ կատարելու և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ փնտրելու համար: