Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին

05/12/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում այսօր մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում պահպանել է ԱլԳ հիմքում ընկած արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, և դրանք խորապես արմատավորված են ազգային գիտակցության մեջ, ինչի վառ ապացույցը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է:

«Մեր Կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հավակնոտ դատական ​​բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն: Մենք հավատում ենք, որ որպես Կառավարություն՝ ունենք մեծ հնարավորություն մեր ժողովրդի վստահությունը փոխակերպելու ուժեղ ինստիտուտների կայացմամբ, օրենքի գերակայության ամրապնդմամբ, անվտանգության ապահովմամբ և ներառական ու պատասխանատու հասարակության կառուցմամբ: Մեր ժողովուրդը մեզ տվել է աննախադեպ մանդատ ՝ իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար. դա է մեր հիմնական պատասխանատվությունը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախարարն առանձնացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր դերը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում՝ վերահաստատելով Կառավարության հանձնառությունը` Համաձայնագրից բխող ճանապարհային քարտեզի արդյունավետ և պատշաճ իրականացման վերաբերյալ:

Ելույթում նախարարն անդրադարձել է նաև Կառավարության կողմից ընդունված Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններով նախատեսված միջոցառումներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին: Բացի այդ, Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը ստանձնել է քաղաքական հանձնառություն՝ աջակցելու Հայաստանում ոստիկանության բարեփոխումներին: Այդ նպատակով  կմշակվի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ռազմավարություն, որն ուղղված կլինի Ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, այդ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում Ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացմանը և այլն: