Երևանում մեկնարկել է Հայ-վրացական իրավական երրորդ ֆորումը
09/12/2019
Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, այլք:
Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպված երկօրյա Ֆորումի քննարկումները նվիրված են լինելու երկու երկրներում դատաիրավական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական քաղաքականությանն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերին:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է Թեա Ցուլուկիանիին և վրացական պատվիրակության անդամներին Երևանում և շնորհակալություն է հայտնել գործընկերոջը բարեկամ պետությունների միջև արդարադատության ոլորտում սերտ և փոխշահավետ համագործակցությանը նպաստելու համար:
Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել դեկտեմբերի 9-ին և 10-ին ֆորումի անցկացումը՝ մանրամասնելով, որ դրանք համապատասխանաբար համընկնում են Կոռուպցիայի դեմ պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրերի հետ, ինչը և վերահաստատում է երկու բարեկամ երկրների արդարադատության նախարարությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու վերաբերյալ:
Կարևորելով շարունակական բնույթ կրող Ֆորումի անցկացումը՝ Հայաստանի արդարադատության նախարարը համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն կընձեռեն համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները՝ միաժամանակ հույս հատնելով, որ Երևանում կայանալիք երկօրյա Ֆորումը հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու և ընդլայնելու արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունել է վրաց գործընկերոջը և նշել, որ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն՝ դրանք դիտարկելով որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով: Այդ համատեքստում, փոխվարչապետը կենսական անհրաժեշտություն է համարել մեր երկրում անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը: «Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Հայաստանի փոխվարչապետը շեշտել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը մնալու է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում:
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ցուլուկիանին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին միջոցառումը Երևանում հյուրընկալելու համար և նշել, որ մեծ պատիվ է հայ գործընկերներին ներկայացնել վրացական բարեփոխումների հաջող փորձը և փոխադարձաբար լսել հայաստանյան հաջողությունների և ընդհանուր մարտահրավերների մասին:
Խոսելով վրացական բարեփոխումների հաջողություններից՝ Թեա Ցուլուկիանին ընդգծել է, որ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ բարձր են գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության նվազեցման, բիզնեսի խթանման, հանրային ծառայությունների մատչելության ուղղություններով:
Նշենք, որ Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումները նպաստում են ՀՀ արդարադատության և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա գործընկերային, արդյունավետ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, միջազգային հարթակներում որոշակի հարցերի շուրջ միասնական հանդես գալուն, ինչպես նաև երկու գերատեսչությունների իրավասություններին առնչվող ոլորտներում առկա լավագույն փորձի ներդրմանը, երկու պետությունների արդարադատության նախարարությունների աշխատակիցների միջև փոխադարձ այցերի միջոցով համագործակցության ընդլայնմանը և խորացմանը: