Ռուստամ Բադասյանը մասնակցել է Քրեական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը

12/12/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է ՀՀ Քրեական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում:

          Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և նշել, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակման ընթացքում իրականացվել են ներառական քննարկումներ, հաշվի են առնվել տարբեր կողմերի կարծիքները: Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, ներկայում ևս շարունակվում են Նախագծերի մշակման աշխատանքները: Այդ համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ և ԵՄ գործընկերներին, աշխատանքային խմբին՝ ի դեմս խմբի ղեկավար Արա Գաբուզյանի՝ այս ժամանակահատվածում իրապես նոր պայմաններին համապատասխանող Քրեական նոր օրենսգրքի նախագիծ մշակելու համար:

«Քրեական օրենսգիրքը յուրաքանչյուր պետության արժեքային համակարգն արտացոլող իրավական աղբյուրներից մեկն է, քանի որ այն ցուցիչ է, որի միջոցով տեսանելի է դառնում, թե որ արժեքներն է պետությունը համարում կարևոր և դրանց դեմ ոտնձգությանն արձագանքում ավելի խիստ՝ քրեաիրավական հարթությունում»,- նշել է արդարադատության նախարարը: Անդրադառնալով Նախագծի կարգավորումներին՝ նախարար Բադասյանը ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք այս Նախագծով կլուծվեն՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման համատեքստում նախատեսել ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ և բարձրացնել արդեն իսկ առկա պատժատեսակների կիրառման արդյունավետությունը, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային համահունչ նախատեսել քրեական պատասխանատվություն իրավաբանական անձանց համար, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդի մարտահրավերներին և միջազգային պահանջներին համահունչ լրամշակել և հստակեցնել առկա հանցակազմերը, քրեական օրենսգրքի մակարդակով ամրագրել կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, փոփոխել և բարձրացնել քրեական պատասխանատվությունից ազատելու համար նախատեսված վաղեմության ժամկետների շեմերը, բարձրացնել պատժից ազատման ինստիտուտների արդյունավետությունը, նախատեսել առանձնահատուկ կարգավորումներ անչափահասների առնչությամբ՝ հաշվի առնելով նաև վերջիններիս լավագույն շահը:

Եզրափակելով խոսքը՝ նախարարը տեղեկացրել է, որ Նախագիծը ներկայում գտնվում է շրջանառության մեջ, առաջիկայում այն կներկայացվի Վարչապետի աշխատակազմ և ակնկալվում է, որ Նախագիծը Ազգային ժողովի արդեն գարնանային նստաշրջանում կդառնա քննարկման առարկա։

Հանրային քննարկման ժամանակ ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ, Ծրագրի համակարգող Մարիա Օրեշկինան:

Հանրային քննարկման ընթացքում աշխատանքային խմբի կողմից ներկայացվել են այն հիմնական դրույթները, որոնք վերաբերել են անչափահասերի քրեական պատասխանատվությանը, սեռական հանցագործություններին, պատժի համակարգին, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելուն, նոր արարքների քրեականացմանը և այլն: