Արդարադատության նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

18/12/2019

Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության և օրենքի գերակայության, այլև խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարևոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ և արդյունավետ ռազմավարության իրականացումն ու տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ջանքերի համադրումը:

Ռուստամ Բադասյանը, խոսելով հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններն այլևս չեն դիտարկվում որպես միայն կառավարության ռազմավարություններ. դրանք  ժողովրդի ռազմավարություններն են: Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է մեկ ու կես տարվա ընթացքում մշակված Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ներառական աշխատանքները՝ քաղհասարակության 500 առաջարկ, որի հիման վրա սկզբնական նախագիծը 85%-ով փոփոխովել է, առնվազն 15 հանրային քննարկումների կազմակերպում, այդ թվում` բոլոր մարզերում, ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երկու քննարկման կազմակերպում և այլն:  Նշված Ռազմավարության մշակման հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև ֆինանսական գնահատականն ու թիրախային ցուցանիշների սահմանումը՝ ընդգծելով, որ Կառավարության նպատակը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում Հայաստանի գնահատականը 35-ից մինչև 55 հասցնելն է:

Հակակոռուպցիոն իստիտուցիոնալ բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարար Բադասյանը ներկայացրել է արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում կարևորել նաև ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի դերը, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրումը:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու: