Ռուստամ Բադասյանը դոնոր կազմակերպությունների գործընկերների հետ քննարկել է հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրերը
19/12/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աբու Դաբիում դեկտեմբերի 18-ին մասնակցել է դոնոր գործընկերների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները, բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Դրանք հիմնականում վերաբերել են արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմին, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացմանն ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրման օրենսդրական աշխատանքներին:
Արդարադատության նախարարը դոնոր կազմակերպությունների գործընկերների հետ քննարկել է նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: