Տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի աշխատանքային քննարկումը
24/12/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի աշխատանքային քննարկումը: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր հատվածի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:
Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման քննարկումների կազմակերպումը օրենսդրության արդյունավետ կատարելագործման հարցում և նշել, որ նախագծով ներկայացված է փոփոխությունների երեք խումբ, որոնք առնչվում են ծանուցումներին, պարզեցված ընթացակարգին և գրավոր ընթացակարգով Վճռաբեկ դատարանում վարույթի իրականացմանը:
Այնուհետև, ներկայացվել են նախագծի նախաձեռնման հիմքերը, ինչպես նաև դրանով առաջարկվող փոփոխությունների առանձնահատկությունները, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: