Հաստատվեց ՄԻՊ ազգային ռազմավարությունը
26/12/2019
Կառավարությունն այսօր հաստատեց Արդարադատության նախարարության մշակած չորրորդ ռազմավարությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ, Ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, նախանշում է այս ռազմավարության սկզբունքներն ու սահմանում հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները։
Գործողությունների ծրագիրը թիրախավորում է, այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝
- պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Խոսքը նախ, զինծառայողների, ազատությունից զրկված անձանց, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող անձանց, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տուժած անձանց մասին է:
- Խոշտանգումների արգելքի հետ կապված գործողություններն ուղղված են օրենսդրական բացերի վերացմանը, կանխարգելման և քննության արդյունավետ ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը և ոլորտի պատասխանատուների կարողությունների զարգացմանը:
- Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության մասով նկատի ունենալով, որ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ արդեն իսկ համակարգային քայլեր են նախատեսված, Մարդու իրավունքների Գործողությունների ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքներին անմիջականորեն առնչվող քննչական և դատավարական գործողությունների օրենսդրական հենքը, բարելավելու ապացույցների հավաքման պրակտիկան, խրախուսելու մինչդատական վարույթում մրցակցության սկզբունքը և հզորացնելու դատավարության առանցքային դերակատարների մասնագիտական կարողությունները:
- Հավաքների ազատության մասով հիմնական գործողությունները թե՛ օրենսդրական և թե՛ կարողությունների զարգացման բնույթի են և միտված են մասնավորապես՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման բացառմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել հավաքների մասնակիցների, լուսաբանող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցերին։
- Տեղեկատվության ազատության մասով Գործողությունների ծրագրերը ներառում են հիմնականում տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ։ Թերևս ամենաքննարկվածն ու պահանջվածները՝ նախատեսվում է ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրում, ինչը միտված է զանգվածային լրատվության միջոցների գործունեության մրցակցայնության ապահովմանն ու դրանց գործունեության թափանցիկությանը:
- Մյուս կարևոր հարցը ատելության խոսքի դեմ ձեռնարկվելիք միջոցներներն են, այդ թվում՝ պատասխանատվության մեխանիզմների ուսումնասիրությունն ու կիրառությունը նաև օնլայն տիրույթում:
- Կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում առողջության իրավունքի պահպանման մասով հասանելի ծառայությունների մասին հանրության իրազեկման ուղղությամբ՝ թե՛ հիվանդությունների վաղաժամ կանխարգելման, թե՛ բժշկական սպասարկման և օգնության շրջանակներում մարդկանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների բարելավման նկատառումներով:
- Աշխատանքային իրավունքների մասով կենտրոնական գործողությունները վերաբերում են աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանմանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմնի ստեղծման հարցերին:
- Կրթության իրավունքի մասով թիրախավորվում են մարդու իրավունքների մասին հիմնարար տեղեկությունների ինտեգրումը կրթական ծրագրերում, ուսուցիչների վերապատրաստումը, նախադպրոցական կրթության հաստատությունների հասանելիության հարցերը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, ակադեմիական բարեվարքության հարցերը, այդ թվում՝ օրենսդրության կատարելագորման միջոցով:
- Սեփականության իրավունքի պաշտապանության մասով թիրախավորվում է հանրային գերակա շահի համար տեղի ունեցող օտարումների դեպքում արդարաացի փոխհատուցման հարցերի օրենսդրական բացերի շտկումը:
Գործողությունների ծրագրով նախատեսված են միջոցառումներ՝ միտված նաև իրավահավասարության ապահովմանը, խտրականության արգելքին, տարբեր խոցելի խմբերի պաշտպանությանը: Միջոցառումներ են նախատեսված կանանց իրավունքների պաշտպանության, երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղությամբ և այլն: