Արդարադատության նախարարն ամփոփել է 2019 թվականի ձեռքբերումները
27/12/2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ամփոփել է Արդարադատության նախարարության 2019 թվականի աշխատանքները:
Որպես 2019 թվականի ձեռքբերումներ՝ առանձնացրել է հաստատված Դատաիրավական և հակակոռուպցիոն չափելի և հավակնոտ ռազմավարություններն ու դրանցից բխող գործողությունների ծրագրերը, որի շրջանակում միջազգային գործընկերների ֆինանսական աջակցության չափը, նախարարի խոսքով, բացառիկ է լինելու:
Ռազմավարություններով նախատեսված գործողությունները ներառում են՝
- Անկախ դատական համակարգի ստեղծումը՝ բարեվարքության մեխանիզմների շարունակական կատարելագործման միջոցով:
- Դատավորների գույքի հայտարարագրման մեխանիզմների կատարելագործումը և գույքային խախտման հիմքով կարգապահական վարույթների հարուցումը:
- Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, կոռուպցիոն գործերով քննություն իրականացնող հակակոռուպցիոն անկախ կոմիտեի ստեղծման աշխատանքները, որի օրենքի նախագիծը առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում:
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի մշակումը, որն անցել է մի շարք միջազգային փորձաքննություններ և արդեն իսկ ներկայացվել է ԱԺ:
- Հայտարարագրի ներկայացման շրջանակի ընդլայնման հարցերը, որը հանրային քննարկման փուլում է և առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը:
- Դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման հետ կապված աշխատանքները՝ վարչական գործերով պարզեցված վարույթի ներդրման, ինչպես նաև այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման մեխանիզմներով:
Նախարար Բադասյանը քրեակատարողական ոլորտում նշանակալի ձեռքբերում է համարել քրեական ենթամշակույթի նահանջման մասով կատարված աշխատանքները, կադրային փոփոխությունները, արգելված իրերի ներթափանցման դեպքերի կանխումը և բացահայտումը, սննդի մատակարարման նոր համակարգի ներդրումը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, ըստ նախարարի, ևս ունենք նշանակալի արդյունքներ. կատարողական վարույթներով բռնագանձված գումարի չափը 2019 թվականին կազմել է 35 մլրդ 66 մլն 527 հազար դրամ, որը 2018 թվականի ցուցանիշի համեմատ աճել է 22.87 %-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31.1 %-ով: Սա նշանակում է ունենք ավելի արդյունավետ Ծառայություն, որտեղ շարունակվում են էլեկտրոնային գործիքների ներդրման աշխատանքները:
Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, ՔԿԱԳ ոլորտում իրականացված բարեփոխումները հնարավորություն են տվել քաղաքացիներին 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական ակտերի գրանցման ցանկացած տարածքային մարմնից (ЗАГС) կամ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից էլեկտրոնային եղանակով տեղեկանքներ ստանալ, որը վարչարարության ծախսերի խնայողություն է ենթադրում: