Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը կապ չունի ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի չգնալու հետ. Բադասյան
15/01/2020
Սահմանադրական դատարանի վրա իշխանությունների կողմից որևէ ազդեցության մասին լուրերը ակնհայտ կեղծ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա կարծիքով՝ նմանատիպ լուրեր տարածողները սկզբում փորձում էին հասցնել նրան, որ ով դիմի վաղ կենսաթոշակի, ընկալում ունենա, թե ինքը շատ վատ արարք է կատարել: «Նաև փորձում էին բարոյական դաշտում այդ հարցը ներկայացնել, հիմա ճնշման այլ մեթոդներ են որդեգրել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նմանատիպ քայլեր անում են նրանք, ովքեր ժողովրդավարության կողմնակիցներ չեն և չեն ցանկանում ունենալ ՍԴ, որը կվայելի հանրության վստահությունը:
Հարցին, թե արդյո՞ք չի եղել հանդիպում վարչապետի և ուժային կառույցի ղեկավարների մասնակցությամբ «դոսյեներ» հավաքելու համար, Բադասյանը պատասխանեց, որ այդպիսի բան հնարավոր չէ, և որ այս որակի իշխանությունը չի կարող ունենալ նմանատիպ քննարկումներ:
Նախարարը նշեց նաև, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը որևէ կապ չունի ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի չգնալու հետ:
«Ֆիքսեք, թե երբ է եղել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտությունը, եւ պայմանավորել սա ինչ-որ նեղ խնդրի լուծման հետ, չի կարելի»,-ասաց Բադասյանը՝ հավելելով նաև, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մեղադրանքը նույնպես կապ չունի ՍԴ ճգնաժամը լուծելու հետ:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: