Սրբուհի Գալյան. «Քրեական պատասխանատվություն կսահմանվի ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար»
06/02/2020
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպված «Խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար արդարադատության մատչելիության բարելավում» տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված Խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների մասին տարանջատ տվյալների հավաքագրման վերաբերյալ առաջարկությունների և ուղեցույցների նախագծերի ներկայացումը: Քննարկմանը ներկա են եղել շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Փոխնախարար Գալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵԽի երևանյան գրասենյակին և Եվրոպական միությանը՝ ատելության խոսքի, դրա սահմանների ուրվագծման և համարժեք պատասխանատվության սահմանման խնդիրների վերհանման նպատակով կազմակերպած հանդիպման և ցուցաբերած մշտական աջակցության համար:
Սրբուհի Գալյանի խոսքով՝ խնդիրը շատ նուրբ է, քանի-որ սերտորեն առնչվում է խոսքի ազատության և դրա սահմանների հետ: «Այսօր մեր երկրում աննախադեպ իրողություն է արձանագրվում. ունենք խոսքի անսահմանափակ ազատություն, և երբեմն խոսքի ազատության այդ իրավունքի քողի տակ մենք հանդիպում ենք թաքնված կամ երբեմն նույնիսկ բացահայտ ատելության խոսքի դրսևորումների, ինչն անընդունելի է մեր պետությունում և պետք է համարժեք արձագանքի արժանանա»,- նշել է Սրբուհի Գալյանը և տեղեկացրել, որ ներկայում Արդարադատության նախարարությունը մշակել է օրենքի համապատասխան նախագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման, այն է՝ անձի նկատմամբ նրա որևէ սոցիալական կամ անձնական բնույթի հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:
Քննարկման ավարտին փոխնախարարը հույս է հայտնել, որ այս փորձագիտական քննարկումը մեծապես կնպաստի խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և կօգնի գտնել այն խնդիրների արդյունավետ լուծումը, որն այսօր առկա է մեր երկրում»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և վստահություն հայտնել, որ շահագրգիռ կողմերի աջակցությամբ մշակված այս նախագիծը դրական արդյունք կգրանցի: