Ազդարարվեց բանտային առողջապահության և պրոբացիայի զարգացման երկրորդ փուլի ծրագրերի մեկնարկը

11/02/2020

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից այսօր պաշտոնապես ազդարարվեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ ծրագիրը կաջակցի Հայաստանի իշխանություններին ազատազրկված անձանց առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև կբարելավի Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործառնական շրջանակներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման միջոցով։

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գործընկերներին աջակցության համար և նշել, որ այս  Ծրագրերը բանտային բժշկությունը և պրոբացիայի ինստիտուտը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու արդյունավետ գործիքներից մեկն են և կենտրոնացված են այն ոլորտներում կատարվող բարեփոխումների վրա, որոնք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։

Փոխնախարարը գոհունակությամբ է նշել, որ այս ոլորտներում իրականացված ծրագրերի առաջին փուլի ընթացքում հաջողությամբ կյանքի են կոչվել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, պրոբացիայի ինստիտուտի ներդրմանն ու Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: «Հայաստանն այսօր հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Հենց այդ է պատճառը, որ օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման համատեքստում Կառավարության ծրագրում թիրախավորվել են նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող անձինք։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք պետության հսկողության ներքո են, ուստի պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ոչ միայն նրանց վերասոցիալականացման, այլ նաև նրանց հիմնական իրավունքների երաշխավորման հարցում»,- շեշտել է Սրբուհի Գալյանը:

Այնուհետև, մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների առաջին հանդիպումը: