Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով
12/02/2020
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարևորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը և տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։
Ռազմավարական այս ուղենիշների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև «SECUPLUS» մակնիշի անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։
Ժամանակակից հիշյալ սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։
Նոր սերնդի տեխնիկական սարքեր ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ շահագործման մեջ եղած նախկին սարքերի հետ համատեղ օգտագործելու արդյունքում հնարավոր է դարձել նաև ավելացնել հսկման կետերի քանակները` բարելավելով հիմնարկների անվտանգության ապահովման մակարդակը և հսկողության վիճակը։
Քրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը և արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։