Տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում

18/02/2020

Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում: Այն նախաձեռնել էին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը և Հայաստանի բանկերի միությունը:

Հանդիպման նպատակն էր՝ առևտրային բանկերի ներկայացուցիչներին առավել համակողմանի ներկայացնել օրենքում կատարված փոփոխությունները: Իրավաբան-գիտնական, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ու Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասն ներկայացրել են օրենքում կատարված փոփոխություններն ու այն կարևոր նորամուծությունները, որոնք սպասվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ապրիլի 15-ին, և հատկապես այն փոփոխությունները, որոնք կարող են առնչվել բանկային համակարգին՝ որպես սնանկության վարույթի պարտատերեր: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության գործերի ենթակայությանը, սնանկության վարույթում գրավի առարկայի իրացմանը, սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն և այլ հարցերին:

Փոփոխությունների ներկայացումից հետո հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին նման քննարկում կազմակերպելու և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործունեություն իրականացնող 17 բանկերի ներկայացուցիչներ: