Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում ներկայացրել է դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները
25/02/2020
Նախարար նշանակվելուց հետո ձեռնամուխ եմ եղել Դատաիրավական և Հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների մշակմանը, որոնցում ամրագրվել են խորքային խնդիրներ ոչ միայն դատական, այլև իրավապահ, պետական կառավարման համակարգերում: Այս մասին այսօր, Ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նշենք, որ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթի նախագծերի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումը հրավիրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Նախարարը պարզաբանել է, որ գործընթացը դատական համակարգից սկսելու որոշումը պայմանավորված է նրանով, որ դատական իշխանությունն է մարդու իրավունքների երաշխավորն ու անկյունաքարային դերակատարը՝ արդարադատության իրականացման ոլորտում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ռազմավարություններով նախատեսված այս փաթեթի մշակումն իրականացվել է ներառականության սկզբունքով, ապահովվել է հանրային քննարկումներ՝ տարբեր ձևաչափերով, Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն և ստացվել է Վենետիկի հանձնաժողովի իրավական դրական կարծիքը:
Անդրադառնալով փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումներին՝ նախարար Բադասյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, կընդլայնվեն կարգապահական տույժերի տեսակները, կկատարելագործվեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները, կվերացվի դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ՝ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, մանրամասն կարգավորում կստանա դատավորների գործունեության գնահատումը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը կիջեցվի քսանութից քսանհինգ և այլն: Վերջինի առումով նախարարն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:
Արդարադատության նախարարի խոսքով՝ բարեփոխումներ են կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում:
Ելույթին հաջորդել է շահագրգիռ կողմերի միջև հարցուպատասխանը: