ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց պետռեգիստրը ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու նախագիծը. փոխնախարար Սրբուհի Գալյան
05/03/2020
Լրատվամիջոցներն առանց պետական տուրք վճարելու կկարողանան տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից:Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Զանգվածային լրատվության մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը:Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ հնարավորություն է ընձեռվում լրատվամիջոցներին և լրատվական գործունեություն իրականացնող անձանց առանց պետական տուրք վճարելու տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից՝ հայտ ներկայացնելու միջոցով:Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն ասաց, որ այս փոփոխությունների շահառու են դառնում ԶԼՄ-նեը, սակայն առաջիկայում կլինի նման նախաձեռնություն ամբողջ հանրության համար:Այս օրենքի շահառու կարող են դառնալ այն ԶԼՄ-ները, որոնք համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի շրջանակում համարվում են լրատվամիջոց կամ լրատվական գործունեություն իրականացնող:Գործող օրենքով պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում է 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի): Պետական ռեգիստրի՝ e-register.am-ի միջոցով են լրատվամիջոցները այս կամ այն ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկություն ստանում: Տեղեկացնենք նաև, որ ընկերության բաժնետերերի յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է վճարել պետական տուրք նոր բաժնետերերի մասին տեղեկություն ստանալու համար:Խորհրդարանն այս նախագծերի փաթեթում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է այս նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու առաջարկը:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: