Արդարադատության նախարարությունը պարզաբանում է
06/03/2020
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպես է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ աձնակազմի հետ» թեմայով ասուլիսի ընթացքում բանախոս Արթուր Սաքունցի կողմից հնչեցվել են մի շարք պնդումներ, որպիսիք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի` մինչ այս պահը հայտնի փաստական հանգամանքների հետ։
Մասնավորապես, բանախոսը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը մեղադրել է տևական ժամանակ կալանավորված անձ Վ.Ա-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու, այն է` նրա անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ, մինչդեռ Վ.Ա-ն 2018 թվականի հունվարի 20-ից, հանդիսանալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 2019-2020 թվականների ընթացքում թե՛ անձամբ և թե՛ իր պաշտպանների, հարազատների կամ այլ անձանց միջոցով երբեք չի բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկում իրեն սպառնացող որևէ վտանգի մասին։
2020 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Վ.Ա-ն հայտարարել և պնդել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է սայթաքելու և վայր ընկնելու պատճառով։ Հատկանշական է, որ մինչ այս պահն էլ Վ.Ա.-ի կողմից հակառակի մասին վկայակող տեղեկություններ չեն բարձրաձայնվում, անգամ նրա պաշտպաններն են հերքում, որ Վ.Ա-ն տվյալներ է հայտնել իրեն ծեծի ենթարկելու մասին։
Նման պայմաններում Վ.Ա-ի նկատմամբ տեղի ունեցածի նախնական պատկերը բացահայտվել է բացառապես Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով, ինչն ակնառու վկայում է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և բռնության դեպքերի բացառմանն ուղղված Քրեակատարողական ծառայության հետևողականության մասին։
Համապատասխան օպերատիվ տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվող նյութերը ՀՀ արդարադատության նախարարի գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար։
Ընդ որում, նյութերն ըստ ենթակայության ուղարկելու հանգամանքը պայմանավորված է եղել ոչ միայն դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհետաձգելի մի շարք գործողություններ կատարելու, այլև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությամբ։
Վերոհիշյալը ևս վկայում է Քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության` բոլոր մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ բավարար ջանասիրություն և հետևողականություն դրսևորելու մասին։
Ավելին՝ անգամ նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելուց հետո Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է եղել կատարվածի ամբողջական պատկերը լիարժեք բացահայտելուն, ինչի շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վ.Ա-ի ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից, որը, ի դեպ, մամլո ասուլիսի ընթացքում բանախոսի կողմից հիշատակված անձը չէ։
Բանախոսը մի քանի անգամ հիշատակել է նաև Վ.Ա-ին դանակահարելու միջոցով նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, որպիսի փաստական հանգամանքները ևս չեն համապատասխանում իրականությանը. Վ.Ա-ն ոչ թե դանակահարվել է, այլ ծեծի ենթարկվել։ Ընդ որում, նրա մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չեն եղել, Վ.Ա-ն քրեակատարողական հիմնարկում գանգատներ է ներկայացրել միայն մինչ այդ` տարիներ առաջ, ձեռքի շրջանում ստացած վնասվածքի ցավերից։
Քրեակատարողական ծառայությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում, և նման երևույթի դրսևորումներում ներգրավված բոլոր անձինք, այդ թվում` քրեակատարողական ծառայողները, արժանանալու են համարժեք գնահատականի և խիստ պատժի։
Սակայն նաև այդ գործընթացը կատարվելու է բացառապես օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ։
Քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղումները համակարգում կրել և շարունակելու են կրել պարբերական բնույթ, իսկ պաշտոնից նրանց ազատելու կամ պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու գործընթացները կարգավորվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով, որոնցով նախատեսված հիմքերի առկայության կամ առաջին իսկ ստացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համարժեք և ամենախիստ միջոցները։
Սկզբունքորեն անընդունելի համարելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման առկայությունը` ՀՀ արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից անհապաղ ձեռնարկվել են նաև իրավակազմակերպական բնույթի այլ միջոցառումներ` նշանակվել է ծառայական քննություն, քրեակատարողական բոլոր հիմնարկների պետերի մասնակցությամբ անց են կացվել խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել և շեշտադրվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը։
Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը վճռականությամբ գործելու և հավատարիմ են մնալու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որն անշրջելի է դարձնելու քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող արմատական բարեփոխումները։