Կառավարությունը նվազեցնում է հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը

25/03/2020

Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որոնց  ընդունման դեպքում, երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:

Օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում,  ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

Հիշեցնենք, որ 2014 թվականից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ներդրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի կարևորագույն նպատակներից էր՝ ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձևավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնել այս ոլորտին բնորոշ վարչարարությունը: Էլեկտրոնային կառավարման համակարգը նաև ամբողջությամբ համակցված է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրին, ինչի շնորհիվ երեխայի ծնունդը գրանցելիս էլեկտրոնային կառավարման համակարգը մեխանիկորեն տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստանում է բնակչության պետական ռեգիստրում ստեղծված երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Սակայն, եթե որևէ գործարքի համար, օրինակ սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն էր առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր էին այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ: Նախագծերի ընդունմամբ այս գործողությունը կատարելու անհրաժեշտությունը կվերանա։