Հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

23/04/2020

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։

Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում․

1. Կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն,

2. Կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն,

3. Կվերանայվի նախաքննության արդյունավետությունը,

4. Հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով,

5. Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը,

6.  Լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել է նաև ոստիկանության ծառայողների  սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։ 

7. Քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ։