Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը
07/05/2020
Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման զեկույցի շրջանակում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների 2019-22 թթ. ծրագրի շրջանակում կատարված և պլանավորված աշխատանքները՝ նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման աշխատանքներին՝ արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պլանավորմանն ու Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումանը:
Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման շրջանակում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ներդրված գույքի և շահերի բախման հայտարարագրման նոր ձևանմուշին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման և վերհանման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ինչպես նաև ներկայացրել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանն առնչվող աշխատանքները:
Նախարարն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործություների բացահայտմանը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ԱԺ կողմից ընդունված օրենքին, ներկայացրել նաև ազդարարների ինստիտուտի ներդրման միասնական էլ. հարթակի արդյունքները՝ նշելով, որ ստացվել է 220 ազդարարում:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2019 թվականի արդյունքով 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը, ինչը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ:
2020թ. մարտի սկզբին Երևանի ամենամեծ ծննդօգնություն տրամադրող բժշկական 3 հաստատություններում հասանելի են դարձել ՔԿԱԳ ծառայությունները` երեխայի ծննդի, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցման գործողությունները:
Նախարարի խոսքով` առաջիկա ամիսներին կգործարկվի նաև միասնական առաջին գրասենյակը, որտեղ կլինեն ՔԿԱԳ-ի, Ազգային արխիվի, Կադաստրի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, սոցապահովության բոլոր ծառայությունները մեկ միասնական կենտրոնում. հետագայում աշխատանքներ կտարվեն նաև համայնքային ծառայություններն ու Ոստիկանության անձնագրային և վիզաներ վարչության գործառույթը միասնական գրասենյակում ներառելու ուղղությամբ։
2019թ. հոկտեմբերին հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, դրա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև էլ. արդարադատության ներդրման և զարգացման գործողությունների ծրագրերը։
Ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը լայն քննարկում է անցել և արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով բարեփոխվել է պարզեցված վարույթի ինստիտուտը: Մշակվել են Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծեր, որոնցով կատարելագործվել է ծանուցումների համակարգը:
2019թ. հուլիսին փոխոխություններ են կատարվել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում, որի արդյունքում ներդրվել է պարտապանի գույքի հայտնաբերման, գույքի հայտարարագրման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմ: Մշակվել է սնանկության գործերի էլ. հարթակի բնութագիրը և առաջիկա ամիսներին կլինի սնանկության գործերի ամբողջական թվայնացման ներդրումը:
2019 թվականի և 2020 թթ. առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 11 միջնորդություն, այն դեպքում, երբ 2018 թվականին ընդամենը մեկ միջնորդություն է ներկայացված եղել։
Գործարար միջավայրի բարելավման շրջանակում Սնանկության և հարակից օրենքների նախագծերով նախատեսվել են ֆինանսական առողջության և գրավչության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման բարեփոխումներ:
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում նախատեսվել են մի շարք գործողություններ, որոնք առնչվում են նաև քրեակատարողական ոլորտին: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության 2019-23 թթ. գործողությունների ծրագրով թիրախավորված են վերականգնողական արդարադատության կայացման, կրկնահանցագործությունների նվազեցման, քրեական ենթամշակույթի հաղթահարմանն ուղղված միջոցառումները: ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքների երաշխավորության ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ. Մասնավորապես, արդեն ինը քրեակատարողական հիմարկներում ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգ, և սննդից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս (նախքան այս համակարգին անցնելն այդ ցուցանիշը 60-70 տոկոս էր): Ձևավորվել է Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը, որով տարանջատվել է բժշկական ծառայությունը Քրեակատարողական ծառայությունից: Բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձները 30 տոկոսով, որը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խթան է հանդիսանում և բարձրացնում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու գրավչությունը: Ընդունվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը, իսկ e-penitentiary համակարգը վերջնական գործարկման փուլում է, որը հնարավորություն կտա բոլոր գործընթացներն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։