Նոր համակարգ՝ սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար
08/05/2020
Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը:
Արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով վիճակահանությունը իրականացվում է բավական սեղմ ժամկետում, հիմնականում հենց պահանջագրի ստացման օրը և վիճակահանության արդյունքները սեղմ ժամկետում ներկայացվում են Սնանկության դատարանին և հրապարակվում են Նախարարության կայքում՝ միաժամանակ էլեկտրոնային ծանուցում ուղարկելով սնանկության կառավարչին:
Սրանով էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը: Բացի այդ, կատարված բարեփոխումների արդյունքում էականորեն կրճատվելու է նաև փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, Սնանկության դատարանից կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերը արդեն հնարավոր է դարձել ներկայացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Կառավարչի ընտրության վիճակահանության արձանագրությունը ևս հնարավոր է ներկայացնել Սնանկության դատարան էլեկտրոնային եղանակով՝ դրանով ապահովելով արագ և մատչելի կապ Սնանկության դատարանի և Արդարադատության նախարարության միջև: