Արդարադատության նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ

22/05/2020

Արդարադատության նախարարությունը շարունակում է  էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ:

Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև:

«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում և ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Արդարադատության նախարարությունը, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաև սնանկության, վարչական, քաղաքացիական և քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր: