Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար

23/05/2020

Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:

Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:   

Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-ուսանող» փոխհարաբերությունները: Միաժամանակ այս ամենին զուգահեռ կարևոր է Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցումը: 

Ընտրության գործընթացը 

1. Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասախոսների մրցույթ (մայիսի 25 - հուլիսի 31), 

2.  Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 10) և հարցազրույց (հուլիսի 15-20` հարցազրույցի անցկացում, հուլիսի 21-31՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),  

3. Առաջին փուլը փաստաթղթերի ուսումնասիրություն է, իսկ երկրոդ փուլը հարցազրույց՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ:

4.  Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում      

Ովքե՞ր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ 

1. Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),

2.  Առարկայացանկն ու ժամերը կցվում են (Հավելված 1),

3.  Անհրաժեշտ որակավորում 

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ   
  • ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)

  Պահանջվող հմտություններ   

  • Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում
  • Հաղորդակցության հմտություններ

1.   Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2)   

2.  Դիմումի ձևանմուշը կցված է (Հավելված 3)

3.  Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:

Վարձատրություն

1.  1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):

2.  Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ: 

Այլ պայմաններ

Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:  

Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրեր վերաբերյալ ուղեցույցներ:

Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո մարզերի համար ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:

Հարցերի համար դիմել՝   

+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ patrol@moj.am; info@edupolice.am (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):

Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։

Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին: