Ընդլայնվում է տեղում ծնունդների գրանցման ծրագիրը․ ևս չորս բժշկական հաստատություն միացել է նախաձեռնությանը
25/06/2020
Արդարադատության նախարարությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ընդլայնել է տեղում ծնունդ գրանցելու բժշկական հաստատությունների ցանկը։
2020 թվականի մարտի 8-ին մեկնարկած պիլոտային ծրագրին միացած Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններին միացել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները։
Սա նշանակում է, որ երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Հիշեցնեն, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
Նշված յոթ բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվում են հետևյալ պետական գրանցումները՝ երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, ամուսնության պետական գրանցում:
Հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելուն ուղղված այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում: