Քրիստիննե Գրիգորյան․ «Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին»
08/07/2020
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 7-ին մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:
Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և դատական հավակնոտ բարեփոխումներին՝ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ: Անդրադառնալով 2019 թվականին Կառավարության մշակած բարեփոխումների օրակարգի ոլորտային փաստաթղթերին՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայության բարեփոխման ռազմավարություններին՝ փոխնախարարն իր գոհունակությունն է հայտնել ու ընդգծել, որ դրանք մշակվել և իրականացվում են ԵԽ-Հայաստան սերտ համագործակցության հովանու ներքո, մասնավորապես՝ ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում տրամադրված փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ:
Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է COVID-19 համավարակի ընթացքում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների կողմից մշակված մեծածավալ խորհրդատվական ուղեցույցներն ու օժանդակ նյութերը, որոնք անդամ պետությունների համար կարևոր ուղենիշեր են համավարակին արձագանքելիս։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անցյալ մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունն առավել ինտենսիվ է համագործակցել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ, ինչը մի կողմից վկայում է կազմակերպության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վստահության, իսկ մյուս կողմի՝ անդամ պետություններում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման տարբեր հարցերով լավագույն գործելակերպերը զարգացնելու Հայաստանի հանձնառության մասին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: