Խոհարարական և հացաթխման դասընթացներ՝ դատապարտյալների համար

13/08/2020

Օգոստոսի 6-ին և 7-ին Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացները:   «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար՝ ըստ մասնագիտացումների (խմորային աշխատանք, խավարտներ, աղցաններ և մսային աշխատանք): Խոհարարական դասընթացին մասնակցում է շուրջ 25 դատապարտյալ: Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացաթխման դասընթացներն իրականացվում է տեխնոլոգի կողմից: Այս դասընթացին մասնակցում է 5 դատապարտյալ:  Դասընթացների իրականացման գաղափարը կյանքի է կոչվել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության արդյունքում:   Դասընթացը հաջող ավարտած մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել թե՛ պատժի կրման ընթացքում, թե՛ պատժի կրումից ազատվելուց հետո: Դասընթացներն ունեն և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներ: Դասընթացները տևելու են շուրջ մեկ ամիս, իսկ ավարտին գնահատման հանձնաժողովը փորձելու է դատապարտյալների պատրաստածը և ըստ այդմ՝ տրամադրելու դասընթացը հաջողությամբ ավարտելու վկայականներ:  Հատկանշական է, որ դասընթացներում ներգրավվել են և՛ որոշակի ժամկետով, և՛ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ հիմքում ունենալով դատապարտյալների նկատմամբ հավասար վերաբերմունքի ցուցաբերման և ամրապնդման գաղափարը:   Օգոստոսի 12-ին Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հետևելու դասընթացներին և զրուցելու դասընթացի մասնակիցների հետ: Դասընթացների մասնակիցների խոսքով սա հիանալի հնարավորություն է նոր հմտություններ ձեռք բերելու և դրանով իսկ օգտակար զբաղվածություն ապահովելու համար:  Նրանցից շատերն արդեն իսկ իրենց տեսնում են խոհարարի դերում և մեծ ոգևորությամբ ցանկանում են յուրացնել տրված գիտելիքը:   Արդարադատության նախարարությունը վերահաստատում է իր մոտեցումն առ այն, որ դատապարտյալներին օգտակար զբաղվածությամբ ապահովելը նրանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է, և շարունակելու է քայլեր ձեռնարկել օգտակար զբաղվածության ապահովման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: