Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում
22/08/2020
Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, անցկացրել է հերթական նիստը:
Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների և հասարակական կազմակերպության նախագահի կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանը, Լևոն Գևորգյանը, Արսեն Թավադյանն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը։
Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսոկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն․Նախարարության և իրավաբան գիտնականների ու ՀԿ ներկայացուցչի այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։
Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։