Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

28/08/2020

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «Կանանց ձեռքբերումներն ու կանանց հզորացումը» թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել էր Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրության դեսպանատան կողմից «Էմիրաթցի կնոջ օրվա» առթիվ։ Փոխնախարարը ներկայացրել է 2018-ին Հայաստանում գենդերային հավասարության, կանանց հզորացման և, ընդհանրապես, մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի զգալի հաջողություններին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում և ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը՝  ուղղված կանանց հզորացմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է 2018-ին Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ դառնալու փաստը, Կառավարության կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման նպատակով հաստատված ռազմավարությունները։

Անդրադառնալով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Խորհրդարանում կանանց ներկայացվածության վիճակագրությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է խորհրդարանում կանանց քվոտաների 25%, մինչդեռ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցությունը գերազանցել է օրենսդրական քվոտան՝ կազմելով 32%․ ներկայում կանայք ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովի 24% -ը: «Գործադիր իշխանությունը ևս կայուն քայլեր է կատարում այս ուղղությամբ․ թեև 12 նախարարներից միայն 1-ն է կին, այդուհանդերձ, 2018 թվականից ի վեր ունեցել ենք 11 կին փոխնախարարներ»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև Ոստիկանության բարեփոխումների համատեքստում կանանց ավելի ակտիվ ներգրավվածության քաղաքական որոշման մասին։

Քրիստիննե Գրիգորյանն այնուհետև անդրադարձել է COVID-19-ի համավարակի ընթացքում կանանց հանդիպած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած գործողություններին և առաջիկայում նախատեսվող անելիքներին։