Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
23/09/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
Նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման ընթացքում հատկապես արդարադատության ոլորտում կարձանագրվեն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հաջողություններ։
Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանում 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող հավակնոտ բարեփոխումների օրակարգը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը, ոստիկանության բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Արդարադատության նախարարն ընդգծել է նաև, որ այդ բարեփոխումների ճանապարհին Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարարության, սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ այդ համատեքստում կարևորելով Միացյալ Թագավարության հետ իրականացված մի շարք ծրագրերը՝ ուղղված սնանկության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության արապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն։
Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և բարեփոխումներին ուղղված աշխատանքները համալիր ներկայացնելու համար ու ընդգծել, որ կանի առավելագույնը Արդարադատության նախարարության և դեսպանության միջև առկա արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար։
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի բացահայտման ոլորտներում բրիտանական փորձի ուսումնասիրության հնարավորություններին։