Ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել

24/02/2021

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։

Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։